Բնակելի շենք Մասիսում, Արարատյան փող.
Մասիս քաղաքի Արարատյան փողոցի հ. 5 հասցեում (հողամասի մակերեսը՝ 4,877 մ²) նախատեսվում է բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցում: Նախագծի հիմք են հանդիսացել պատվիրատուի առաջադրանքը, ճարտարապետահատակագծային առաջադրանքը (16.11.2023թ.), սեփականության վկայականը, ինժեներաերկրաբանական եզրակացությունը և տեղագրական հանույթը:
Պ-աձև շինությունը բաղկացած է 4 մուտքից, որոնցից յուրաքանչյուրն ունի վերելակ և աստիճանավանդակ: Այն ներառում է 1 ստորգետնյա և 9 վերգետնյա հարկեր:
–3.30 մ նիշը նախատեսված է որպես ավտոկայանատեղի (հարմարեցված որպես քաղաքացիական պաշտպանության ապաստարան)՝ համապատասխան սանիտարական հանգույցներով: Առաջին հարկը (±0.00) նախատեսված է հասարակական օգտագործման համար, իսկ վերին հարկերը (+4.80-ից մինչև +27.90 մ)՝ բնակելի: Մուտքը դեպի ավտոկայանատեղի իրականացվում է հյուսիս-արևմտյան փողոցից: Շենքը հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժման համար:
Կոնստրուկտիվ համակարգը միաձույլ երկաթբետոնե շրջանակ է՝ հարթ տանիքով և ներքին ջրահեռացմամբ: Ճակատների հարդարման համար կիրառվելու են տրավերտին, սև տուֆ և բազալտ:
Հիմնական տվյալներ՝
- Կառուցապատման մակերես՝ 1,965.16 մ² (40.29%)
- Կանաչապատում՝ 1,950.8 մ² (40.0%)
- Հարկայնություն՝ 9 վերգետնյա, 1 ստորգետնյա
- Առավելագույն բարձրություն՝ 32.9 մ
- Բնակարանների քանակ՝ 200
- Ավտոկայանատեղեր՝ 131
- Շինարարության ընդհանուր մակերես՝ 24,908.49 մ²